Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պատմություն

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (նույնական անվանումը` Արցախի Հանրապետություն) ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման գործընթացում` ԽՍՀՄ պետական կառույցում ներառված ազգային-պետական կազմավորման` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և հայաբնակ Շահումյանի շրջանի հիմքի վրա:


   ԼՂՀ անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան:


   Այդ օրվանից ի վեր հանրապետության իշխանությունները հետևողականորեն վարում են կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված քաղաքականություն, որն իր հերթին նպաստում է մարդու իրավունքների պաշտպանության և պահպանության առավել արդյունավետ մեխանիզմների ու միջոցների ձևավորմանն ու զարգացմանը:


   Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանումից հետո (387թ.) Արևելյան Անդրկովկասի տարածքը, այդ թվում և Արցախը, անցան Պարսկաստանին:


   1805 թվականին Արցախի պատմական տարածքը, Արևելյան Անդրկովկասի այլ լայնարձակ տարածքների հետ միասին անցավ Ռուսական կայսրության տիրապետության տակ, որն ամրագրվեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի (1813թ.) և Թուրքմենչայի (1828թ.) պայմանագրերով:


   Ռուսական կայսրության անկումից հետո Կովկասում պետությունների կազմավորման նոր գործընթացում Լեռնային Ղարաբաղը 1918-20թթ. դարձավ իր անկախությունը վերականգնած Հայստանի Հանրապետության և թուրքական ինտերվենցիայի պայմաններում ձևավորված նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության միջև սկսված դաժան պատերազմի թատերաբեմ: Վերջինս իր կազմավորման պահից տարածքային պահանջներ ներկայացրեց Անդրկովկասի հայկական զգալի տարածքների նկատմամբ:


   Թուրքական կանոնավոր զորքերն ու ադրբեջանական զորամիավորումները, օգտվելով համաշխարհային պատերազմի և Ռուսական կայսրության անկման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, որպես Թուրքիայում 1915թ. հայերի ցեղասպանության շարունակություն, 1918-20թթ. բնաջնջեցին հարյուրավոր հայկական գյուղեր, կազմակերպեցին հայերի ջարդեր Բաքվում և Գյանջայում: Եվ միայն Լեռնային Ղարաբաղում այդ կազմավորումները հանդիպեցին լուրջ զինված դիմադրության` չնայած նրան, որ երկրամասի մայրաքաղաք Շուշին 1920թ. մարտի 23-ին հրկիզվել էր ու թալանվել, իսկ նրա հայ բնակչությունը` բնաջնջվել:


   Հենց այդ ժամանակ էր, որ միջազգային հանրությունն անհրաժեշտ համարեց խառնվել էլ ավելի ողբերգական բնույթ ստացած հակամարտությանը: 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի V Կոմիտեն III ենթակոմիտեի զեկույցի հիման վրա, արձագանքելով Ադրբեջանի տարածքային հավակնություններին ու հայկական զանգվածային կոտորածներին, միաձայն արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը Ազգերի Լիգա ընդունելու դեմ: Այն ժամանակ Ազգերի լիգան, մինչև հակամարտության վերջնական կարգավորումը, Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես վիճելի տարածք, ինչի հետ համաձայնեցին հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում և Ադրբեջանը: Եվ այսպես, 1918-20թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման ժամակաշրջանում նրա ինքնիշխանությունը չէր տարածվում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի վրա:


   <<Վիճելի տարածքների>> նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921թ. հունիսին Հայստանը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մասը:


   Միացման ակտը ողջունեցին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Ռուսաստանը, ինչն ամրագրված է Ազգերի լիգայի ժողովի /Ասամբլեա/ բանաձևում /18.XII.1920թ./, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի` Ազգերի լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում և ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախարարության` իշխանության բարձրագույն մարմնին` Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-21թթ. տարեկան զեկույցում:


   ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի պլենումը քամահրելով Ազգերի լիգայի որոշումը և մերժելով ժողովրդավարական հանրաքվեն (պլեբիսցիտ)` որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման ժողովրդավարական մեխանիզմ, 1921թ., Ստալինի անմիջական ճնշման ներքո և ի հակադրումն միացման ակտի, արարողակարգային խախտումներով որոշում է ընդունում Հայաստանից Լեռնային Ղարաբաղի բռնի անջատման մասին` այդ հայկական տարածքներում Ադրբեջանական ԽՍՀ կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով:


   Այսպիսով, Ազգերի լիգայի կողմից վիճելի ճանաչված տարածքների նշանակալի մասն ուղղակի բռնակցվեց Ադրբեջանին և ինքնավար մարզի սահմաններից դուրս մնաց Լեռնային Ղարաբաղի մեծ մասը (Գյուլիստան, Քելբաջար, Քարահատ /Դաշքեստան/, Լաչին, Շամխոր և այլն):


   1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայն բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին: Հետևելով գործող բոլոր իրավական նորմերին և օգտագործելով կամքն արտահայտելու բացառապես ժաղովրդավարական ձևեր` Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը հանդես եկավ Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: Այդ իրադարձությունները բեկումնային եղան ոչ միայն արցախցիների կյանքում, դրանք, փաստորեն, նախասահմանեցին ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը: 1988թ. փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում` ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդին` նրա կազմից դուրս գալու մասին, Հայստանի Գերագույն խորհրդին` նրա կազմի մեջ մտնելու մասին և ԽՍՀՄ ԳԽ` այդ դիմումը բավարարելու մասին` հիմնվելով իրավական նորմերի և ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա:


   Սակայն վեճը քաղաքակիրթ հուն տեղափոխելուն ուղղված յուրաքանչյուր գործողության հետևում էին բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային և համատարած ոտնահարում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում և այլն: ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ադրբեջանական քաղաքներում` Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, իսկ հետո նաև ողջ Ադրբեջանում կազմակերպվեցին հայերի ջարդեր ու զանգվածային սպանություններ, որոնց հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից ու գյուղերից շուրջ 450 հազար հայեր դարձան փախստականներ:


   1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդավարական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը /դեկլարացիա/: Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ի <<ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին>> ԽՍՀՄ օրենքում, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: Այդ նույն ժամանակահատվածում /նոյեմբեր 1991թ./, ի հակադրումն բոլոր իրավական նորմերի, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունեց <<ԼՂԻՄ-ի լուծարման մասին Օրենքը>>, որը ԽՍՀՄ Սահմանադրական դատարանի կողմից որակվեց ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող ակտ:


   1991թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունն արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունն իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:


   Ադրբեջանն անտեսելով այն փաստը, որ 1991 թվականի օգոստոսի 30-ին <<Պետական ինքնիշխանության մասին>> Ադրբեջանի ընդունած հռչակագրում արձանագրված է, որ Բաքուն հրաժարվում է խորհրդային քաղաքական ժառանգությունից և հանդիսանում է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը` դրանով իսկ զրկելով իրեն Լեռնային Ղարաբաղին տիրելու որևէ իրավունքից, քանի որ 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ չի եղել և կառավարվում էր Ազգային խորհրդի կողմից, լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ պատերազմը, ինչպես հայտնի է, փոփոխական հաջողություններով 1991թ. աշնանից շարունակվեց մինչև 1994թ. մայիս: Եղան պահեր, երբ ԼՂ տարածքի գրեթե 60 տոկոսը գրավված էր, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը գրեթե անդադար հրետակոծումների և ռմբակոծումների էին ենթարկվում:


   1992թ. օգոստոսին ԱՄՆ կոնգրեսն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող և կառավարման մակարդակով ԱՄՆ կողմից այդ պետությանը տնտեսական օժանդակությունն արգելող բանաձև:


   1994թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Կիրգիզիայի և ԱՊՀ Միջխորհրդարանական ժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին այդ նույն կողմերը պայմավորվեցին կրակի դադարեցման շուրջ:


   Այսօր ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: Հանրապետությունում պետական իշխանության համակարգը հիմնված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման, ինչպես նաև իշխանության հանրապետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների բաժանման սկզբունքների վրա:


   Հանրապետությունում արդեն հինգ անգամ տեղի են ունեցել ԼՂՀ Նախագահի (1994թ., 1996թ., 1997թ., 2002թ., 2007թ.) և չորս` Ազգային ժողովի պատգամավորների (1991թ., 1995թ., 2000թ., 2005թ.) ընտրություններ:


   Անկախության հռչակումից հետո ԼՂՀ տարածքում գործում էր ԽՍՀՄ օրենսդրությունը, այնքանով որքանով չէր հակասում անկախության հռչակագրի նպատակներին, սկզբունքներին և ԼՂՀ առանձնահատկություններին: Այսօր հանրապետությունում գործում է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող իրավական համակարգ:


   1994թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ միակողմանիորեն միանալու մի շարք միջազգային պայմանագրերի: Դրանք են` ՄԱԿ-ի կողմից ընդունված <<Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը>> (1948թ. դեկտեմբերի 10), <<Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը>> (1966թ. դեկտեմբերի 16), <<Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հչակագիրը>> (1960 թ. դեկտեմբերի 14) և 1949թ. Ժնևյան համաձայնագրերը և դրանց 1977թ. լրացուցիչ արձանագրությունները:


   2006թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը: Ի տարբերություն ԽՍՀՄ Սահմանադրության, որտեղ առաջին պլան էր մղվում պետությունը, նրա իշխանությունը, կառուցվածքը, լիազորություներն ու հետո միայն մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը` ԼՂՀ Սահմանադրությամբ դրանք ամրագրված են երկրորդ գլխում, ինչի նման կառուցվածքը բնորոշ է իրավական պետության ուղին բռնած երկրին: Սահմանադրության երկրորդ գլուխը հիմնված է 1789թ. օգոստոսի 26-ին ընդունված ֆրանսիական <<Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի>>, Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված <<Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի>>, <<Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին>> ու <<Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին>> դաշնագրերի, Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային այլ հանրաճանաչ հիմնարար սկզբունքների ու դրույթների վրա:


   Նշված գլխում ամրագրված են բոլոր այն կարևոր իրավունքներն ու ազատությունները, որոնք պարունակվում են թվարկված փաստաթղթերում: Մասնավորապես` կյանքի, արժանապատվության, իրավահավասարության, անմեղության կանխավարկածի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, պետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու, քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրան անդամագրվելու, ընտրվելու և ընտրելու, հանրաքվեներին մասնակցելու, սեփականության, մտքի, խղճի և դավանանքի ազատության, կարծիքն ազատորեն արտահայտելու, աշխատանքի ընտրության ազատության, կրթության, իրավաբանական օգնություն ստանալու և այլ հիմնարար իրավունքներ ու ազատություններ:


   Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության մեջ առաջնային են ճանաչվում համընդհանուր մարդասիրական արժեքները. 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` օրենքներն ու այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին:


   ԼՂՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման անվիճելի փաստ կարելի է համարել նաև այն, որ չնայած տարածաշրջանում մտցված ռազմական դրությանը` չի սահմանափակվում մարդու որևէ անօտարելի իրավունք ու հիմնարար ազատություն, մինչդեռ օրենսդրության համաձայն ռազմական դրության ժամանակ դրանցից որոշները կարող են սահմանափակվել:

Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.